Հանրապետության նախագահը

Սահմանադրության 5-րդ գլուխը հանրապետության նախագահի մասին է:

Հոդված 123 – ը հանրապետության նախագահի կարգավիճակի և գործառույթների մասին է, որով էլ սահմանված է, որ. 

1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:

2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Հոդված 124 – ը հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետի և նրան ներկայացվող պահանջների մասին է: Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում ՀՀ – ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Նախագահ հանդիսացող անձը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային Ժողովի կողմից:

Հոդված 133. Հանրապետության նախագահի լիազորությունները զինված ուժերի բնագավառում

1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

 2. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:

Հոդված 140. Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը

1. Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:

2. Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

3. Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո: