Ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները

Հոդված 36-ով հստակ սահմանված են ծնողների իրավունքներն ու պարտականությունները: Դրա առաջին կետով ասվում է, որ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

Երկրորդ և երրորդ կետերով սահմանված է, որ ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միմիայն օրենքով ու դատարանի որոշմամբ, և, որ անաշխատունակ ծնողների մասին պարտավոր են հոգ տանել չափահաս աշխատունակ անձինք:

Հոդված 37-ը երեխաների իրավունքների մասին է, որի կետերում սահմանված է երեխայի ազատ կամարտահայտումն ու կարծիքի արտահայտումը, որն էլ համապատասխանում է նրա տարիքին և հասունության մակարդակին: Հատկապես, կցանկանայի հատուկ ուշադրություն դարձնել վերոնշյալ հոդվածի 4-րդ կետին, ըստ որի, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են: Սա, ըստ իս, հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինի:

Անդրադառնանք Հոդված 38-ին, որով սահմանվում է կրթություն ունենալու իրավունքը: Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, և, ըստ Սահմանադրության, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:

Հոդված 39-ը մարդու ազատ գործելու իրավունքի մասին է: Մարդն ազատ է անելու այն, ինչ ուզում է, եթե, իհարկե, դրանով չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Հոդված 40-ը ազատ տեղաշարժվելու իրավունքի մասին է, Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գալու: Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք:

Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ: