Սահմանադրությամբ մարդուն ազատությունից զրկելու բազմաթիվ դեպք-օրենքներ կան սահմանված, սակայն, առաջին հերթին կցանկանայի նշել Սահմանադրության Հոդված 26-ի ամրագրված 3-րդ կետը.
3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:
Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի ազատության իրավունք, սակայն կան հատուկ դեպքեր, որոնց դեպքում օրենքով սահմանված է ազատազրկում:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացման ժամանակակից փուլը բնութագրվում է արմատական փոփոխություններով, որոնք տեղի են ունենում պետության և հասարակության կյանքում: 2005թ. ՀՀ Սահմանադրության փոփոխություններով մեր պետության պատմության մեջ առաջին անգամ օրենսդրական մակարդակով մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները հայտարարվեցին որպես բարձրագույն արժեքներ: 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ սահմանադրության ամենահիմնական գաղափարներից մեկը հանդիսանում է անձնական իրավունքների և ազատությունների պահպանումը՝ որպես յուրաքանչյուր անհատի բնական և անքակտելի հատկություն: Անձնական իրավունքները առաջնային դեր և նշանակություն ունեն մարդու իրավունքների համակարգում: Այս իրավունքները մեծ կարևորություն ունեն իրավական պետության կայացման, լեգիտիմ քաղաքական իշխանության հաստատման, այլ իրավունքների իրականացման և պաշտպանության տեսանկյունից: ՀՀ Սահմանադրությունում առանձնակի կարևորություն է տրվում մարդու և քաղաքացու անձնական իրավունքներին և ազատություններին, որոնք համապատասխանում են համընդհանուր ճանաչված սկզբունքներին և միջազգային իրավունքի նորմերին: Սահմանադրությամբ ամրագրված անձնական իրավունքների շարքում առաջնային տեղ է զբաղեցնում անձի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, որը մյուս բնական իրավունքների հետ միասին կազմում է անձի սահմանադրաիրավական կարգավիճակի հիմքը և ձևավորում է ցանկացած պետական գործունեության իրականացման կարևորագույն սկզբունքը: Մարդու անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի առանցքային նշանակությամբ պայմանավորված՝ պահանջվում է այս իրավունքի համակողմանի իրավական կարգավորում: Սահմանադրական մակարդակով կարգավորումը ենթադրում է ոչ միայն անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի ամրագրումը, այլև սահմանադրական երաշխիքների և իրավական պաշտպանության սահմանադրական մեխանիզմների միջոցով դրանց պաշտպանությունը: Այստեղ առանցքային խնդիր է ընթացիկ օրենսդրության համապատասխանեցումը 2015 թվականի փոփոխություններով ՀՀ սահմանադրությանը: Անձնական ազատությունը նշանակում է մարդու ազատությունն ինքնուրույն ղեկավարել սեփական գործողությունները իր կամքին համապատասխան, առանց որոշակի սահմանափակումների՝ չխախտելով այլոց իրավունքներն ու ազատությունները: Ազատությունը, որպես հասարական երևույթ, ունի արտահայտման բազմազան ձևեր: Այն անհատի կողմից իր վարքագծի գիտակցաբար ընտության կարողությունն ու հնարավորությունն է։ Այն ենթադրում է անձի որոշակի անկախություն արտաքին պայմաններից և հանգամանքներից։ Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է հաշվի առնել, որ անհատի ազատությունը չի կարող լինել բացարձակ, քանի որ անսահմանափակ ազատությունը կհանգեցնի ավելի ուժեղների կողմից բռնությունների դրսևորումների, մինչդեռ ազատությունը հավասարապես պատկանում է ցանկացած անձի: Այս իրավունքը պետությունը պարտավոր է պաշտպանել՝ սահմանելով անհատի ազատության սահմանները: Մարդու անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական հիմքերի վերլուծությունը վկայում է դրա առանցքային նշանակության մասին: Այն սկզբունքային նշանակություն ունի մարդու իրավական կարգավիճակի համակարգում: Հենց այդ պատճառով էլ անձնական ազատության և անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի նորմատիվային բովանդակության, իրականացման մեխանիզմների, երաշխիքների համակարգի և պաշտպանության մեթոդների վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ ամենակարևորներից մեկը ինչպես տեսական, այնպես էլ գործնական առումով: Ուսումնասիրվող իրավունքին հատուկ կարևորություն է տրվում հետևյալ պատճառներով. առաջին՝ այն պատկանում է յուրաքանչյուրին ծննդյան պահից և կախված չէ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, երկրորդ՝ հիմք է հանդիսանում շատ սահմանադրական իրավունքների և ազատությունների համար, երրորդ՝ անձի իրավական կարգավիճակի կարևորագույն տարրերից է, չորրորդ՝ արդյունավետ երաշխիք է հանդիսանում ոչ միայն սահմանադրական իրավունքների, այլև ճյուղային օրենսդրությամբ ամրագրված իրավունքների համար: Մագիստրոսական թեզի նպատակն է քննարկել և վերլուծել անձնական ազատության և անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի իրավական բնույթն ու բովանդակությունը, համակարգային վերլուծության հիման վրա բացահայտել անձանական ազատության և անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի իրավական կարգավորման կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում, վեր հանել առկա օրենսդրական բացերն ու կոլիզիաները, մշակել գործնական առաջարկություններ այս իրավունքի երաշխավորման ու պաշտպանության, իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ: Մագիստրոսական թեզում առաջ քաշված խնդիրներն են.
• բացահայտել «անձնական ազատության և անձեռնմխելիության» հասկացության իրավական բովանդակությունը,
• ուսումնասիրել անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի իրականացումն ու պաշտպանությունը կարգավորող գործող ներպետական և միջազգային օրենսդրությունը,
• վերլուծել անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման դեպքերն ու հիմքերը,
• վերլուծել անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի իրականացման երաշխիքների համակարգը եւ կատարել առաջարկություններ՝ ուղղված այդ համակարգի արդյունավետության բարձրացմանը: Թեզի օբյեկտը և առարկան: Կատարված աշխատանքի օբյեկտը այն հասարակական հարաբերություններն են, որոնք առաջանում են յուրաքանչյուրի անձնական ազատության և անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի իրացաման գործընթացում, իսկ առարկան՝ այն միջազգային չափանիշների եւ սահմանադրիրավական նորմերի համակարգն է, որը հանդիսանում է յուրաքանչյուր մարդու անձնական ազատության սահմանադրական իրավունքի իրականացման մեխանիզմի հիմքը: Մագիստրոսական թեզի տեսական և մեթոդական հիմքը: Աշխատանքի մեջ օգտագործվել են Գ.Ղազինյանի, Ա.Երիցյանի, Վ. Հովհաննիսյանի, Դ.Ավետիսյանի, Գ. Կոստանյանի, Դ. Գոմյենի, Ա. Կոզլովի և այլոց աշխատությունները և գիտական մեկնաբանությունները: Աշխատանքի ընթացքում օգտագործվել են վերացարկման, վերլուծության, համադրության, ինդուկտիվ, դեդուկտիվ, համեմատական-իրավական, ինչպես նաև օբյեկտիվության, բազմակողմանիության, համալիրության և այլ սկզբունքներ: Մագիստրոսական թեզի նորմատիվ հիմքը: Օգտվել ենք թեմային վերաբերող ինչպես ներպետական իրավական աստիճանակարգության մեջ մտնող իրավական ակտերից` ՀՀ Սահմանադրություն, օրենքներ, Սահմանադական դատարանի որոշումներ, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, ենթաօրենսդրական ակտեր, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերից և ակտերից՝ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր, մարդու և ժողովուրդների իրավունքների Աֆրիկյան խարտիա, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիա, ինչպես նաև մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մի շարք որոշումներ: