ՀԱՅԿ և ԲԵԼ
Հայկ թագավորի կյանքի հայտնի դրվագներից է նրա պատերազմը բաբելոնյան առաջնորդ Բելի դեմ։ Բաբելոնյան աշտարակաշինության խառնաշփոթի ընթացքում Տիտանյան Բելը ինքն իրեն հռչակում է աշխարհակալ և պարտադրում այլոց պաշտել իրեն։ Սակայն Հայկը չի ճանաչում Բելի ինքնակոչ իշխանությունը իր հարազատները և ցեղակիցնե րը նույնպես։ Ըստ Մովսես Խորենացու՝ Բաբելոնում իր անդրանիկ զավակի՝ Արամանյակի (Արմեն) ծնվելուց հետո Հայկը երեք հարյուր այլ ցեղակից ընտանիքների հետ միասին վերադառնում է Հայք։ Հայրենիք ժամանելուն պես, Հայկը բնակություն է հաստատում Տուրուբերանի Հարք գավառում։ Հարք անունը մեկնաբանվում է որպես «հայրեր», ։ Այդ ընթացքում Բելը, դառնալով Ասորեստանի տիրակալ, մեծ բանակով ներխուժում է Հայք։ Հայկի թոռ Կադմոսը, որը բնակություն էր հաստատել Հայկական լեռնաշխարհի հարավում՝ Կորճայքում, Արարադ լեռան ստորոտում, զգուշացնում է Հայկին Բելի արշավանքի վերաբերյալ։ Հայկը իր բազմաթիվ զավակներով և թոռներով Հայկաշենից մեկնում է (Վանա լճի հյուսիսային ափի եզրով) դեպի այժմյան Վան քաղաքը։ Վանից հարավ ընկած Հայոց Ձոր կոչվող գետի հովիտում Հայկը և Բելը իրենց բանակներով դուրս են գալիս միմյանց դեմ։ Հայկն իր բանակը դասավորում է եռանկյունաձև գետի հյուսիսային (աջ) ափին, աջից և ձախից տեղադրելով իր ավագ որդուն և թոռանը՝ Արամանյակին և Կադմոսին։ Սակայն Բելը, տեսնելով իր զորքի ակնհայտ քանակական առավելությունը, Հայկի փոքրաթիվ ռազմիկների համեմատ, հրամայում է իր զինվորներին ամբոխով անցնել գետը և հարձակվել Հայկի և իր զորախմբի վրա։ Ինքը Բելը խուսափում է մարտից, փոխարենը բարձրանալով մի բլրի վրա, որտեղից հետևում է մարտին։
Ճակատամարտի ամենաթեժ պահին, Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է գետը և եռաթև նետով նետահարում է նրան։ Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով և մեխում նրան գետնին։ Տեսնելով Բելի մահը՝ նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում։
Հայկը հրամայում է ռազմադաշտի մոտ կառուցել ամրոց, որը անվանում է Հայկաբերդ։ Այդ ամրոցի մնացորդները պահպանվել են մինչ օրս։ Բելի դիակը Հայկը հրամայում է տանել Հարք և, թաղելով Հայկաշենից ոչ հեռու, բլուր դարձնել նրա գերեզմանը՝ ի զգուշացում բոլոր օտարներին, ով կհանդգնի հարձակվել Հայկի հայրենիքի վրա։ Այս հաղթանակից հետո ապրելով երկար տարիներ, Հայկի արևը (հոգին) համբարձվում է երկինք և դառնում Օրիոն համաստեղությունը, որը հայերը անվանում են Հայկի համաստեղություն։
ԱՐՏԱՎԱԶԴ ԵՒԱՐՏԱՇԵՍ
- Ըստ ավանդազրույցի՝ երբ մահացել է Արտավազդի հայրը՝ Արտաշես Ա թագավորը, հեթանոսական սովորության համաձայն, կատարվել են բազմաթիվ զոհաբերումներ։ Գահաժառանգ Արտավազդը սրտնեղելով՝ հորն ասել է․ «Մինչ դու գնացեր եւ զերկիրս ամէնայն ընդ քեզ տարար, Եւ աւերակացս որպէ՞ս թագաւորեմ», որի համար Արտաշեսն անիծել է որդուն, ասելով՝ «Եթէ դու յորս հեծցես յԱզատն ի վէր ի Մասիս, զՔեզ կալցին քաջք, տարցին յԱզատն ի վէր ի Մասիս. Անդ կայցես Եվ զլոյս մի՛ տեսցես։»։
Ըստ Մովսես Խորենացու՝ Արտավազդը շղթայված բանտված է Մասիսի մի քարանձավում, և դարբինների անընդհատ կռանահարության ձայնից ամրանում են նրա շղթաները, որպեսզի նա չկարողանա դուրս գալ։
Ըստ Եզնիկ Կողբացու՝ հին հայերն Արտավազդին վերագրել են նաև դրական հատկանիշներ։ Նրանք հավատացել են, որ կգա ժամանակ, երբ աշխարհի գոյության սպառնալից պահին Արտավազդը կխորտակի իր կապանքները, կմարտնչի չարի դեմ և կհաղթանակի։ Զրույցում Արտավազդը նմանության գծեր ունի հայկական էպոսի՝ «Սասնա ծռերի» հերոս Փոքր Մհերի հետ։
ԱՐՏԱՇԵՍ ԵՒ ՍԱԹԵՆԻ
- Արտաշես և Սաթենիկ, հայկական ավանդազրույց։ Ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդական վեպում՝ «Վիպասանքում»։ Ստեղծվել է մ. թ. ա. II-I դարերում։ Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության ժամանակ, Մարգարիտ էր տեղում Սաթենիկ ի հարսնույն ժամանակ։
- Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակը։
- Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին։
Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել։ Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել։
ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ ԵՒ ՇԱՄԻՐԱՄ
Արա Գեղեցիկ և Շամիրամ, հայ ժողովրդական վիպասանք, ավանդազրույց, որը ձևավորվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում և հիշեցնում է Օզիրիսի և Իզիդայի, Թամմուզի և Իշտարի, Ադոնիսի և Աֆրոդիտեի (Աստարտե) առասպելները։ 5-րդ դարում վիպերգն գրի է առնվել Մովսես Խորենացու մշակմամբ։ Հետագայում այլ պատմագիրների ընդօրինակմամբ և ուշ շրջանի ժողովրդական զրույցների ձևով այն փոխանցվել է սերնդեսերունդ։
Ըստ Խորենացու՝ Ասորեստանի թագուհի Շամիրամը հրապուրվել է Հայոց թագավոր Արայի գեղեցկությամբ, ձգտել տիրել նրան։ Խոստումներն ու ընծաները արդյունք չեն տվել։ Շամիրամը վճռել է զենքի ուժով հասնել իր նպատակին։ Արայի դաշտում տեղի ունեցած Ճակատամարտում Արան զոհվել է։ Շամիրամի հանձնարարությունն Արա Գեղեցիկին պատերազմից հետո իր մոտ կենդանի հասցնելու մասին ձախողվել է։ Շամիրամը նրա մարմինը դրել է ապարանքի վերնատանը՝ կենդանացնելու հույսով։ Դիակը նեխել է։ Շամիրամը իր սիրեկաններից մեկին է հագցրել Արայի զգեստները, հայտարարել, թե նա կենդանացել է։
Առասպելն արտացոլում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծո, բնության զարթոնքի, իսկ հետագայում նաև ընտանեկան առաքինության և ողջախոհության մասին։ Առասպելում արտացոլվել է նաև ուրարտացիների պայքարն աշխարհակալ Ասորեստանի դեմ։
ԱՐՇԱԿ ԵՒ ՇԱՊՈՒ

Ավանդազրույցի համաձայն՝ Պարսից Շապուհ II Սասանյան թագավորը զրադաշտականության ամենանվիրական երդումով, խաբեությամբ գերել է հայոց թագավոր Արշակ Բ-ին։ Վերջինս հավատարմությունը փորձելու համար Շապուհը վհուկների ու աստղահմանների խորհրդով հրամայել է Հայաստանից երկու ուղտաբեռ հող բերել և փռել իր ճեմասրահի հատակի կես մասի վրա, և Արշակի հետ զբոսնել այնտեղ։ Շապուհի այն հարցին, թե ինչո՞ւ է Հայոց թագավորը մերժել Պարսից հետ բարեկամություն հաստատելու առաջարկները և երեք տասնամյակ պատերազմել իր դեմ, Արշակը պարսկական հողի վրա մեղա է եկել և ներում է խնդրել, իսկ հայկական հողի վրա ըմբոստացել է։ Շապուհը բանտարկել է Արշակին։
Ըստ զրույցի վերջաբանի՝ Արշակի պալատական ներքին Դրաստամատը, որը պարսկական բանակում մեծամեծ քաջագործություններ էր արել քուշանների դեմ մղված պարսից պատերազմներում, հրաժարվել է պարգևից և փոխարենը մեկ օրով Խուժաստանի Անհուշ բերդում Արշակին այցելելու իրավունք խնդրել։ Նրան թույլատրվել է տեսակցել Արշակի հետ։ Դրաստամատն արձակել է Արշակի կապանքները, հագցրել արքայավայել, կազմակերպել պատվո ճոխ խնջույք, որի ժամանակ անձնասպան են եղել թե՛ Արշակը, թե՛ ինքը։











