Հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը

Հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Այն հանրային է, եթե դրան կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք։ Հավաքն իրականացվում է մեկ վայրում հավաքվելու կամ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով, այլ կերպ կոչված ՝ երթով։ Հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) կամ շինություն է, որը հավաքի անցկացման նպատակով մատչելի է յուրաքանչյուրի համար։

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։

Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք): Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։ Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով: Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման վայրում հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնելու կամ աշխատանքային պարտականությունները կատարելու, ստեղծագործական գործունեություն կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող անձինք, ինչպես նաև հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։ Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ Եթե հավաքը կազմակերպվում է իրավաբանական անձի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն է։ Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։ Եթե հավաքի ղեկավարի պարտականությունները փաստացի իրականացնում է այլ անձ, ապա նա է կրում սույն օրենքով հավաքի ղեկավարի համար սահմանված իրավունքները և պարտականությունները։

Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։ Նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։ Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։ Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Ուռուցքներ

Ուռուցքները իրենցից ներկայացնում են օրգանիզմի սովորական ձևն ու ֆունկցիան կորցրած բջիջներից կազմված հյուսվածքների ավելցուկային տարաճումներ, որոնց առանձնահատկությունն այն է, որ շարունակում են բազմանալ նաև ուռուցք առաջացնող գործոնի ազդեցությունն ընդհատելուց հետո։ Ուռուցքային բջիջների տարաճումը տեղի է ունենում հատուկ կերպով․ այդ բջիջների նոր հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։ Տարբերում են բարորակ և չարորակ ուռուցքներ։


Ուռուցքները կազմված են բուն հյուսվածքից, որը կազմում է նրա հիմնական զանգվածը, և որով էլ որոշվում է ուռուցքի աճն ու բնույթը և շարակցահյուսվածքային պատյանից (ստրոմա), որի մեջ մտնում են ուռուցքները սնող արյան անոթներն ու նյարդերը։


Ուռուցքների ախտաբանաանատոմիական դասակարգումը հիմնվում է այս կամ այն հյուսվածքի ուռուցքների պատկանելության վրա։ Տարբերում են էպիթելային (գեղձային և տափակ էպիթելից առաջացածներ), շարակցահյուսվածքային (կախված հյուսվածքի տեսակից, բաժանում են ֆիբրոմայի, լիպոմայի, խոնդրոմայի և օստեոմայի), մկանային և մի շարք այլ ուռուցքներ։ Հատուկ խումբ են կազմում արյունաստեղծ հյուսվածքի ուռուցքները։ Ուռուցքների շարքին են դասվում նաև լեյկոզները:


Ուռուցքներ հանդիպում են ոչ միայն կենդանիների բոլոր դասերի և տեսակների, այլև բույսերի մոտ, թեև ամենից լավ ուսումնասիրված են մարդու, ընտանի և լաբորատոր կենդանիների՝ հատկապես մկների, առնետների, շների ուռուցքները։
Փորձարարական ուռուցքաբանության հիմնադիր ռուս անասնաբույժ Մ. Նովինսկին 1876-ին առաջինը հաջողությամբ շան ձագին պատվաստեց հասուն շան ուռուցք։ Ուռուցքների պատվաստումը պատկերացում տվեց ուռուցքային հյուսվածքի ինքնավարության մասին, որն ընդունակ է աճել ու զարգանալ առանձին օրգանիզմներում ՝ շատ տարիների ընթացքում։


Հաստատվել է, որ մի քանի մասնագիւոությունների բնագավառում աշխատողների մոտ կարող է առաջանալ քաղցկեղ, որի պատճառն այս կամ այն քիմիական նյութի հետ երկարատև շփումն է։ Ոադիոակտիվ հանքատեսակներ արդյունահանողների քաղցկեղով հիվանդացության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդու չարորակ ուռուցքները կարող են առաջանալ իոնացնող ճառագայթների ազդեցությունից։ Փորձարարական հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ ուռուցքներ կարող են առաջանալ վիրուսներով ախտահարվելիս։ Տեղեկություններ կան նաև ուռուցքածին վիրուսների մասին, որոնք տարբեր կենդանիների մոտ առաջացնում են տարբեր ուռուցքներ։ Սակայն քաղցկեղի ծագման ժամանակակից վիրուսային տեսության կողմնակիցներն այն վարակիչ հիվանդություն չեն համարում։


Քիմիկական միացությունների տարբեր կարգերին պատկանող մի շարք նյութեր կարող են առաջացնել քաղցկեղ և այլ չարորակ ու բարորակ ուռուցքներ։ Դրանք կոչվում են քաղցկեղածին (օնկոգեն, բլաստոմոգեն) նյութեր։ Ուռուցքածին նյութերը պարունակվում են տարբեր ծխերի մեջ, արդյունաբերական թափոններում և ներքին այրման շարժիչների արտանետած գազերում (ավտոտրանսպորտ, ավիացիա և այլն)։
Շրջակա միջավայրում գտնվող քաղցկեղածին նյութերից բացի, ուռուցքներ կարող են առաջացնել նաև օրգանիզմում գոյացող (օրինակ ՝ նյութափոխանակության խանգարման հետևանքով) ուռուցքածին նյութերը։

Հալոգեններ

Քիմիական տարրերի պարբերական համակարգի VIIA խմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I) անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Նրա հատկությունների վերաբերյալ մեզ շատ քիչ բան է հայտնի:

Քիմիական միացություն առաջացնելիս հալոգենների ատոմներն ընդունակ են հեշտությամբ միացնելու մեկ էլեկտրոն, և այդ պատճառով հալոգենների ատոմների առավել բնութագրական օքսիդացման աստիճանը  –1 է: Մասնավորապես մետաղի հետ փոխազդելիս հալոգենի ատոմը նրանից մեկ էլեկտրոն է վերցնում և փոխարկվում 1– լիցքով իոնի: Հալոգենի և մետաղի ատոմների միջև ծագում է իոնային կապ, և առաջանում է աղ: Այստեղից էլ ծագել է ենթախմբի «հալոգեններ» ընդհանուր անվանումը` «աղածիններ» (hունարեն թարգմանությամբ halos` աղ, genos` ծնող): 

Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:

Հալոգենները այդ անունը ստացել են այն պատճառով, որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:

Առաջինը հայտնաբերվել է քլորը ` 1774 թվականին, մյուսները` մի քանի տասնամյակ անց. ֆտորը ` 1886 թվականին, բրոմը ` 1826 թվականին, յոդը ` 1811 թվականին:

Աստատը ռադիոակտիվ տարր է, գործնականում չի հանդիպում բնության մեջ, ստացվել է արհեստական ճանապարհով` միջուկային փոխարկման միջոցով, 1940 թվականին։

Բոլոր հալոգենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էլեկտրոններ, ուժեղ օքսիդիչներ են։ Ամենաուժեղ օքսիդիչը ֆտորն է։

Ֆտորը և քլորը խեղդող հոտով թունավոր գազեր են։ Բրոմը գորշ գույնի գարշահոտ հեղուկ է։ Յոդն ու աստատը պինդ նյութեր են ՝ որոշակի մետաղական հատկություններով: Յոդը բյուրեղային նյութ է, ունի սուբլիմվելու հատկություն։

Հալոգեններն օժտված են մեծ էլեկտրաբացասականությամբ, ունեն ուրիշ ատոմներից իրենց էլեկտրոն միացնելու մեծ հակում: Ատոմների շառավիղի մեծացման հետ էլեկտրոն միացնելու ուժը որոշ չափով պակասում է, որն արտահայտվում է էլեկտրոնի նկատմամբ խնամակցության էներգիայի արժեքների փոքրացմամբ:

Հալոգենները չափազանց ակտիվ նյութեր են, եռանդուն կերպով փոխազդում են ջրածնի, մյուս ոչմետաղների և մետաղների հետ՝ առաջացնելով հալոգենիդներ և հալոգենաջրածիններ։ Բազմաթիվ կիրառություններ ունեն հալոգենների թթվածնային թթուներն ու դրանց աղերը։ Հալոգենները քիմիապես շատ ակտիվ նյութեր են, փոխազդում են բազմաթիվ պարզ և բարդ նյութերի հետ։ Նրանք բոլորը ցուցաբերում են բարձր օքսիդիչ հատկություն։

Քլոր պարունակող հանքանյութերն են հալիտը (քարաղ) ՝ NaCI, սիլվինը` KCI, սիլվինիտը` NaCI⋅KCI, կառնալիտը՝ NaCl⋅MgCl2⋅6H2O

Ֆտոր պարունակող հանքանյութերն են ֆտորապատիտները` Ca3(PO4)⋅CaF2 և պլավիկյան սպաթը` CaF2:

apat_11mmmmmmmmmmmmmmmmm5.png

Բրոմը և յոդը սեփական հանքանյութեր չեն առաջացնում: Քլորի հանքանյութերը պարունակում են քիչ քանակներով բրոմ և յոդ: Այդ տարրերի աղբյուրներ են որոշ «դառը» լճեր, օրինակ` Ղրիմի աղային լիճը և Կասպից ծովի Կարա Բողազ Գյոլ ծոցը: Յոդի միացություններ առկա են նաև նավթահորային ջրերում և ծովային ջրիմուռներում:

Բոլոր ագրեգատային վիճակներում (գազային, գոլորշի, հեղուկ կամ պինդ) հալոգեն պարզ նյութերը կազմված են երկատոմ մոլեկուլներից (F2,Cl2,Br2,I2):

Ֆտորը` սուր գրգռող հոտով, բաց դեղին գույնի գազ է (20°C), չի հեղուկանում: 

Քլորը ՝ սուր խեղդող հոտով, դեղնականաչ գույնի գազ է (20°C), ճնշման տակ հեղուկանում է:  

Բրոմը՝ տհաճ հոտով, կարմրագորշ (20°C) հեշտ ցնդող հեղուկ է: 

Յոդը ՝ սուր հոտով, մուգ մանուշակագույն՝ մետաղական փայլով, 20°C-ում պինդ նյութ է, որը հեշտ ենթարկվում է սուբլիմացման (պինդ վիճակից ամիջապես անցնումը գազային վիճակի): 

Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգենների հալման և եռման ջերմաստիճանները բարձրանում են, մեծանում է խտությունը, ինչը պայմանավորված է  միջմոլեկուլային փոխազդեցության ուժերի մեծացման հետ: Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

Հալոգեններն ու դրանց միացություններն ունեն վիթխարի կիրառություններ մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև կենսաբանական կարևորագույն նշանակություն բույսերի և կենդանիների նորմալ աճի ու գոյատևման համար։

Ֆտորը լայնորեն օգտագործվում է որոշ օրգանական նյութերի՝ սառնագենտների և ֆտորոպլաստների արտադրության համար։ Հեղուկ ֆտորը ծառայում է որպես օքսիդիչ հրթիռային վառելիքի համար։ Ֆտորը լայն կիրառություն է ստացել ինչպես սովորական, այնպես էլ «հարստացված» ուրանի արտադրության մեջ։ Ուրանի հանքաքարերից նախ ստանում են այդ մետաղի քառաֆտորիդը՝ UF2, որից էլ այնուհետև՝ մետաղական ուրանը:

Արդյունաբերությունում քլորից ստանում են քլորաջրածին և աղաթթու։ Քլորի ջրային լուծույթի մանրէասպան հատկության վրա է հիմնված բնակչությանը  ջուր մատակարարող կայաններում գազային քլորի օգտագործումը: Քլորից ստանում են նաև ժավելային հեղուկ, որն օգտագործվում է սպիտակեղենի լվացման համար։ Մեծ քանակներով արտադրվում է քլորակիր, որը կիրառվում է թղթի արդյունաբերությունում ՝ մանրաթելերի սպիտակեցման համար։

Կալիումի քլորատը ուժեղ օքսիդիչ է, վերականգնիչների հետ առաջացնում է պայթուցիկ խառնուրդներ, օգտագործվում է լուցկու, բենգալյան կրակների և հրավառության համար խառնուրդների արտադրությունում: Նատրիումի քլորատը ծառայում է որպես մոլախոտերի դեմ պայքարի միջոց։ Կալիումի և ամոնիումի պերքլորատները օգտագործվում են հրթիռային տեխնիկայում որպես օքսիդիչներ:

Մեծ քանակներով քլոր օգտագործվում է քլոր պարունակող օրգանական նյութեր ` լուծիչներ, մոնոմերներ և պոլիմերներ, թունաքիմիկատներ, ստանալու համար։

Արծաթի յոդիտի փոշին ցրելով ամպերի մեջ ՝ առաջացնում են արհեստական անձրև և այդպիսով կանխում հնարավոր կարկուտը: Յոդը լայնորեն օգտագործվում է վերլուծական քիմիայում՝ յոդաչափական եղանակով զանազան նյութերի ճշգրիտ քանակներ որոշելու համար։ Յոդի հետքերի հայտնաբերման նպատակով այդ հետազոտություններում գործածվում է նաև օսլայաջուր, որը հալոգենի աննշան քանակներից անգամ ստանում է վառ կապույտ գույն։

Հալոգենները կենսականորեն շատ անհրաժեշտ տարրեր են օրգանիզմում:

Ֆտորը հիմնականում տեղայնացված է ատամներում, եղունգներում և ոսկրային հյուսվածքներում: Ատամի արծնի հիմնական բաղադրիչ մասը ֆտորապատիտն է, որի պակասը օրգանիզմում առաջ է բերում կարիես հիվանդությունը: Դա կանխելու համար ատամի մածուկի մեջ ներմուծում են կալիումի ֆտորիդ:

Քլորի զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%: Քլորիդ իոններ է պարունակում արյան պլազման: Դրանք կարգավորում են օսմոտիկ ճնշումը, ապահովում են իոնների հոսքը բջջային մեմբրանների միջոցով, ակտիվացնում են ֆերմենտները: Կերակրի աղի օրական պահանջը 5-10 գ է։