Տուրիզմը ՝ զբոսաշրջությունը, մարդկանց ժամանակավոր տեղաշարժն է դեպի այլ երկիր, կամ տվյալ երկրի այլ վարչական տարածք ՝ հանգստի, ժամանցի, առողջարանային, գործնական կամ ստեղծագործական նպատակներով ՝ առանց վճարվող աշխատանք վարելու։

Տուրիզմի զարգացման նախադրյալներից են ՝ աշխարհագրական դիրքը, ռեսուրսները, կլիման, արտաքին տնտեսական հարաբերությունները և այլն: Ե՛վ զբոսաշրջիկների, և՛ տեղացիների համար գրավիչ են ոչ միայն Հայաստանի տարբեր տեսարժան, պատմամշակութային վայրեր դասական ուղևորությունները, այլև արշավային զբոսաշրջության համարյա բոլոր տեսակները, ներառյալ ՝ քայլարշավը, լեռնագնացությունը, քարանձավախուզությունը և այլն:
Հայաստանը ՝ որպես պատմական և մշակութային երկիր, միշտ հետաքրքել է հարևան և հեռավոր երկրների բնակիչներին: Դեռևս միջնադարում Հայաստանում կառուցվել են իջևանատներ, քարավանատներ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որտեղ էլ իջևանում էին Մետաքսի ճանապարհով անցնող առևտրականներն ու արհեստավորները:
ԽՍՀՄ գոյության տարիներին Խորհրդային Հայաստան են այցելում միութենական մյուս հանրապետությունների բազմաթիվ քաղաքացիներ ՝ գլխավորապես հանգստի կամ աշխատանքային նպատակներով: Զբոսաշրջիկների համար Երևանում և շրջաններում կառուցվում էին հյուրանոցային համալիրներ, որոնք մեծ համբավ էին վայելում այցելուների մոտ:
1980 – ականներին Երևանում կառուցվում են նոր հյուրանոցներ, որոնցից են ՝ «Երիտասարդական պալատը», «Դվինը», «Շիրակը» և այլն: Ամառային հանգստի կազմակերպման նշանավոր կենտրոններ էին հանդիսանում Դիլիջանը, Ծաղկաձորը, Արզնին, Վանաձորը, Սևանը, Ջերմուկը և այլն:
1990 – ականներին զբոսաշրջությունը Հայաստանում անկում է ապրում ողբերգական երկրաշարժի, Արցախյան ազատամարտի ու տնտեսական ճգնաժամի արդյունքում: Փակվում է Հայաստանի երկաթուղին, շարունակելով գործել միայն Վրաստանի հետ: Առանց խնդիրների շարունակում է գործել միայն «Զվարթնոց» օդանավակայանը, «Էրեբունի» – ն դառնում է ռազմական օդանավակայան: Փակվում են Հայաստանի սահմանները հարևան երկրների ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
2000 – ական թվականներից Հայաստանի զբոսաշրջությունը վերելք է ապրում: Եթե մինչ այդ երկիր էին գալիս առավելապես ԽՍՀՄ քաղաքացիներ, հատկապես ՝ ռուսներ, վրացիներ և հայեր, ապա նորանկախ Հայաստանն ու ազատագրված Արցախը տեսնելու էին գալիս բազմահազար սփյուռքահայեր ՝ Ռուսաստանից, ԱՄՆ – ից, Լիբանանից, Ֆրանսիայից և այլ հայաշատ երկրներից: Հայաստան եվրոպացի և ամերիկացի զբոսաշրջիկները այցելում էին եռակի նպատակով. լինել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում և Վրաստանում:
Ըստ 2011 թվականի տվյալների, Հայաստանում կար 128 հյուրանոց, 102 ճամբար, 31 հանգստյան տուն, 19 տուրիստական բազա ՝ ընդհանուր առմամբ նախատեսված մոտ 98500 մարդու համար:
Տուրիզմը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից է: Հայաստանը ներկայանալի երկիր է, ունի հարուստ մշակույթ: Տուրիզմի շնորհիվ երկրում, այսպես կոչված փոքր, միջին և մեծ ներդրումներ են լինում, որի օրինակներից մեկը առօրյա ծախսերն են, որը կատարում է յուրաքանչյուր ոք, այդ թվում ՝ զբոսաշրջիկ:
Տուրիզմ բառը գործածական է շատ լեզուներում, այդ թվում ՝ նաև Հայաստանում` զբոսաշրջություն տերմինին զուգահեռ: Այն առաջացել է մեծ շրջապտույտ ՝ «Grand tour» արտահայտությունից և սկզբնական շրջանում նշանակում էր ուղևորություն ` ծանոթության նպատակով, որը շատ տարածված էր 17-18 դարերում երիտասարդ պալատականների շրջանում։ 19-րդ դարում նման ուղևորությունները առավել տարածվեցին բնակչության այլ խավերի շրջանում։ Ուղևորության նպատակը այլ երկրների մշակութային արժեքները ճանաչելն էր:
Տնտեսության անարտադրողական բնագավառ է, որի ձեռնարկություններն ու կազմակերպությունները տուրիստների պահանջարկը բավարարում են նյութական ու ոչ նյութական սպասարկմամբ: Տուրիզմի արդյունքը տրանսպորտի, հյուրանոցային տնտեսության, առևտրի, էքսկուրսիոն, կուլտուր-տեսարժան, մարզական, կոմունալ-կենցաղային, բուժական հիմնարկների ու ձեռնարկությունների փոխադարձ կապերի մեջ գտնվող սպասարկման տարրերի համալիր ծառայություն է, որի տարրերի տեսակարար կշիռը տատանվում է՝ կախված տուրիզմի տեսակից:
Ներքին տուրիզմը մարդկանց ժամանակավոր մեկնումն է տվյալ կոնկրետ երկրի մշտական բնակության վայրից ազգային սահմանների ներսում դեպի այլ բնակավայր` հանգստի, սպորտի և այլ տուրիստական նպատակների կազմակերպման համար։
Միջազգային տուրիզմը տվյալ ոլորտի կազմակերպությունների կողմից համակարգված և նպատակաուղղված գործողության ծավալումն է, օտարերկրյա տուրիստներին տվյալ երկրի տարածքում տուրիստական ծառայությունների և տուրիստական ապրանքների տրամադրման միջոցով։ Միջազգային տուրիզմը ներառում է ներգնա և արտագնա տուրիզմները։ Ներգնա տուրիզմն այցելություններն են այն երկիր, որը իրենց հիմնական բնակատեղին չէ։ Արտագնա տուրիզմը տուրիզմի այն ձևն է, երբ տվյալ երկրի քաղաքացին դուրս է գնում մի այլ երկիր։