Տնտեսության վերականգնումն ու զարգացումը. Նէպ. Արդյունաբերացում. Գյուղատնտեսության կոլեկտիվացում

1. Ի՞նչ էր Նէպը, ո՞րն էր դրա իրականացման նպատակը։ ՀՍԽՀ-ում երբվանի՞ց է այն իրագործվել։ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան։

Քաղաքացիական կռիվների ավարտից հետո Խորհրդային Հայաստանը ձեռնամուխ եղավ քայքայված տնտեսության վերականգնման գործին։ Դրան ծառայելու եկավ Նոր տնտեսական քաղաքականությունը (Նէպ)։ Այն իրականացվել էր Ռուսաստանում 1921 թվականին, այն բանից հետո, երբ ռազմական կոմունիզմի քաղաքականությունը ճգնաժամային իրադրություն էր ստեղծել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնագավառներում։

Նէպ – ը տնտեսական միջոցառումների համակարգ էր, որտեղ կենտրոնականը պարենային հարկն էր։ Նէպ – ով հնարավորություն, նյութական խթաններ էին ստեղծվում շուկայական հարաբերությունների հիման վրա տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու համար։ Շուկայի միջոցով աշխուժանալու էին ապրանքադրամական հարաբերությունները արդյունաբերության ու գյուղատնտեսության՝ քաղաքի ու գյուղի միջև։ Նէպ – ի վերջնական նպատակն էր, ըստ Վ. Լենինի, հասնել սոցիալիզմի կառուցմանը։

Նէպ – ով նախատեսված տնտեսական բարեփոխումների առանցքն էր պարենմասնատրման վերացումը և դրա փոխարեն պարենային հարկի կիրառումը։ Վերջինս գանձվում էր բոլոր տեսակի գյուղմթերքներով և մի քանի անգամ պակաս էր պարենամասնատրումից։ Վերականգնվեց ազատ առևտուրը։ Գյուղացիական տնտեսությունները հնարավորություն ստացան պետությանը հարկ վճարելուց հետո բերքի ավելցուկը տնօրինելու սեփական հայեցողությամբ՝ վաճառելու, փոխանակելու արդյունաբերական ապրանքների հետ և այլն։ Այսպիսով՝ Նէպ – ի նպատակն էր ազատ շուկայական հարաբերությունների հիման վրա զարգացնել երկրի տնտեսությունը, առաջին հերթին՝ գյուղատնտեսությունը։ 1921 թվականի գարնանն ընդունված որոշումներով արգելվեցին բոլոր տեսակի բռնագրավումները, հունիսին ընդունվեց պարենհարկի մասին օրենքը։

1923 թվականին ընդունված հողային օրենսգրքով պետականացվեցին բոլոր հողերը և բաժանվեցին գյուղացիական տնտեսությունների միջև։ Դրանց թիվը հանրապետությունում 1920 – ական թվականների վերջին հասնում էր 180 հազարի։ Այդուհանդերձ, հողային նոր քաղաքականությունը շոշափելի արդյունք չապահովեց․ շուրջ 40 հազար գյուղացիներ հողազուրկ էին։

2. Գնահատե՛ք Նէպ-ի արդյունքները (վերլուծական աշխատանք)

Ըստ իս, Նէպ – ը փորձ էր տնտեսությունը ազատականացնելու, սակայն այն դատապարտված էր ձախողման: Որպես գաղափար այն բավականին ողջամիտ էր, քանի որ նպատակն էր առողջացնել քայքայված տնտեսությունը, որը արդյունքն էր ռազմական կոմունիզմի:

3. Ի՞նչ է արդյունաբերացումը, ո՞րն էր դրա նպատակը։ Ի՞նչ ձեռքբերումներ արձանագրվեցին Հայաստանում արդյունաբերացման տարիներին։

ԽՍՀՄ ղեկավարությունը 1925 թվականի վերջին որդեգրեց երկրի արդյունաբերացման քաղաքականություն։ Դրանով նախատեսվում էր վերացնել երկրի տեխնիկատնտեսական հետամնացությունը, ամրապնդել սոցիալիզմի նյութատեխնիկական հիմքերը։ 1920 – 1930 – ական թվականներին կառուցվեցին և գործարկվեցին Երևանի ու Լենինականի, Ձորագետի և Քանաքեռի, Սևան – Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայանները։ Էներգետիկայի զարգացումը նպաստավոր նախադրյալներ ստեղծեց հանրապետության տնտեսության համալիր զարգացման համար։ Այն խթանեց լեռնահանքային և քիմիական արդյունաբերության զարգացումը։ Նորակառույցներից էր Ղարաքիլիսայի քիմիական գործարանը։ 1933 թվականին Երևանի մերձակայքում հիմնադրվեց արհեստական կաուչուկի նոր գործարան, որն առաջին արտադրանքը թողարկեց 1940 թվականի մարտից։ Հանրապետությունում զարգանում էր շինանյութերի արդյունաբերությունը, գործարկվեցին Արթիկ – տուֆի հանքավայրերը, ցեմենտի խոշոր կոմբինատ կառուցվեց Դավալուում։

Արդյունաբերացումը, սակայն, ունեցավ բնապահպանական բացասական հետևանքներ։ Սևան – Հրազդան կասկադի կայանների աշխատանքը հանգեցրեց լճի մակարդակի իջեցման, իսկ քիմիական լեռնահանքային կոմբինատների թունավոր արտանետումները հանգեցրեցին օդի աղտոտվածության։

Արդյունաբերացումն իրականացնելու նպատակով կիրառվեցին տնտեսության հնգամյա պլանավորման ծրագրեր։ Առաջին հնգամյակում (1928 – 1932) Հայաստանում կառուցվեց ու շահագործման հանձնվեց արդյունաբերական 18 ձեռնարկություն, իսկ երկրորդում (1933 – 1937) ՝ 26։

4. Ի՞նչ է կոլեկտիվացումը, ե՞րբ որոշվեց իրագործել այն։ Ի՞նչ հետևանքներ այն ունեցավ։

Երկրի արդյունաբերացմանը զուգահեռ խորհրդային ղեկավարությունը որդեգրեց գյուղատնտեսության կոլեկտիվացման քաղաքականություն։ Այն նախապատրաստելու մասին որոշումն ընդունվեց 1927 թվականին։ Նախատեսվում էր մինչև առաջին հնգամյակի ավարտը կոլեկտիվ տնտեսություններում ընդգրկել գյուղացիական անհատական տնտեսությունների փոքր հատվածը։ Սակայն հացամթերումների բնագավառում 1927 – 1928 թվականներին առաջացած դժվարությունները, երկրում հացի պաշարների նվազումը ստիպեցին իշխանություններին արագացնել գործընթացը։ 1929 թվականի վերջին հայտարարվեց համատարած կոլեկտիվացման մասին։ Հրաժարվելով կոլեկտիվացման կամավորության սկզբունքից՝ իշխանություններն անհնազանդ գյուղացիների նկատմամբ դիմեցին բռնության և հարկադրանքի միջոցների։ Այսպիսով ՝ պետությունը որդեգրեց գյուղատնտեսության զարգացումը կոլեկտիվ տնտեսությունների (կոլխոզներ, սովխոզներ) միջոցով կազմակերպելու քաղաքականությունը։

Ծանր էր հատկապես գյուղացիության ունևոր հատվածի՝ կուլակության դրությունը։ Բռնագրավեցին նրանց հացի պաշարները, նէպի տարիներին կուտակված ունեցվածքը, կուլակների ընտանիքներին արտաքսեցին անապահով հեռավոր գյուղեր։ Կուլակաթափության գործընթացը ԽՍՀՄ-ում եզրափակվելու էր կուլակության՝ որպես դասակարգի վերացումով։

1930 թվականի գարնան դրությամբ Հայաստանում «համատարած կոլեկտիվացում» անցկացվեց Երևանի ամբողջ գավառում, Լենինականի և Լոռու գավառների մեծ մասում և այլ շրջաններում, ունեզրկվեց շուրջ 1100 կուլակային տնտեսություն։

Հակադիր կոլեկտիվացման քաղաքականությունը չբարելավեց գյուղատնտեսության վիճակը, հակառակը՝ սրեց իրադրությունը գյուղում։ Գյուղացիների դժգոհության արտահայտման խաղաղ ձևերից էր անասունների համատարած մորթը՝ կոլտնտեսությանը չհանձնելու համար։ Հայաստանի առանձին շրջաններում դժգոհությունները վերաճեցին իշխանությունների դեմ ապստամբական զինված ելույթների (Դարալագյազ, Վեդի, Իջևան – Շամշադին, Թալին և այլն)։ Դրանք իշխանությունների կողմից որակվեցին որպես «բանդիտական շարժում» և շուտով ճնշվեցին։ Համատարած դժգոհությունների ծավալումը ստիպեց իշխանություններին նահանջել համատարած կոլեկտիվացման քաղաքականությունից։ Պետությունը, սակայն, շուտով գործադրեց գյուղացիության հակադիր կոլեկտիվացման նոր մեթոդներ, սկսեց կիրառել հարկերի ավելացման քաղաքականությունը և այլն։ Արդյունքում 1935 – 1937 թվականներին Հայաստանի գյուղացիության ճնշող մեծամասնությունը համալրեց կոլտնտեսականների շարքերը։

1940 թվականի դրությամբ հանրապետությունում 180 հազար անհատական տնտեսությունների փոխարեն կար մոտավորապես 1000 կոլտնտեսություն։ Գյուղատնտեսության հակադիր կոլեկտիվացման արդյունքները գոհացուցիչ չէին․ գյուղի և գյուղացիների սոցիալ – տնտեսական դրությունը ոչ միայն չբարելավվեց, այլև անկում ապրեց։

5. Գնահատե՛ք կոլեկտիվացման քաղաքականությունը (վերլուծական աշխատանք)

Կարծում եմ, կոլեկտիվացման քաղաքականությունը վանողական էր, քանզի չկար տնտեսական մրցակցություն, ինչը շատ կարևոր է, որովհետև հենց տնտեսական մրցակցությունն է, որ ստիպում է արտադրողին օրեցօր բարձրացնել արտադրանքի որակը: Նշեմ նաև մեկ այլ վանող հատկություն, այն սեփականության զգացման նվազությունն էր: Մարդը, որը աշխատում է կոլեկտիվ տնտեսությունում, անուշադրություն և անտարբերություն էր դրսևորում և’ արտադրական գործիքների, և’ արտադրանքի որակի հանդեպ, որն էլ բնականաբար չէր կարող լավ արդյունքի հանգեցնել: