Ընդհանուր տեղեկություններ
ՅՈՒՆԵՍԿՕ – ի լրիվ անվանումն ՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն: Այն ՄԱԿ – ի մասնագիտացված գործակալություն է, որը հիմնադրվել է Փարիզում: Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Այն նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ: ՅՈՒՆԵՍԿՕ – ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։
ՅՈՒՆԵՍԿՕ – ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։
ՅՈՒՆԵՍԿՕ – ն ունի 3 հիմնական մարմին. «Գլխավոր կոնֆերանս», որը կազմակերպության որոշում կայացնող գերագույն ղեկավար մարմինն է, «Գործադիր խորհուրդ», որն իր նշանակությամբ կազմակերպության երկրորդ ղեկավար մարմինն է, և «Քարտուղարություն», որը կազմակերպության գործադիր մարմինն է։ Քարտուղարության կազմում են գտնվում գլխավոր տնօրենը և վերջինիս կողմից նշանակվող անձնակազմը: Կազմակերպության գլխավոր տնօրենը նշանակվում է Գլխավոր կոնֆերանսի կողմից` Գործադիր խորհրդի առաջարկությամբ: Պաշտոնավարման ժամկետը 4 տարի է:
Հայաստանի համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
ՅՈՒՆԵՍԿՕ – ն ՄԱԿ-ի միակ մասնագիտացված գործակալությունն է, որն ունի Ազգային հանձնաժողովների համակարգ: Նրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերներն են անդամ երկրներում: Նրանք կարող են ունենալ տարբեր կառուցվածք և գտնվել տարբեր գերատեսչությունների ենթակայության ներքո` կախված տվյալ երկրի ուրույն խնդիրներից: ՅՈՒՆԵՍԿՕ – ի հետ աշխատանքները համակարգում է ՅՈՒՆԵՍԿՕ – ի Հայաստանի ազգային հանձնաժողովը: Հանձնաժողովը ստեղծվել է 1992 թ. հոկտեմբերի 10-ին: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ արտաքին գործերի նախարարը, գլխավոր քարտուղարը` ԱԳ նախարարության աշխատակազմի Միջազգային կազմակերպությունների վարչության պետը:
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ – ին կանոնավոր կերպով վճարում է իր անդամավճարը:
2017 թվականի համար այն կազմել է 8,001 եվրո և 10,081 ԱՄՆ դոլար:
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ – ի 2-րդ (Արևելաեվրոպական երկրների) տարածաշրջանային և ՅՈՒՆԵՍԿՕ – ի ֆրանկոֆոն երկրների խմբերի անդամ է:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներով սահմանված ցանկերում ընդգրկված հայտեր
ՅՈՒՆԵՍԿՕ – ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային արժեքները և վայրերը պատկանում են աշխարհի բոլոր ժողովուրդներին` անկախ դրանց գտնվելու վայրից: Այդ ցանկում ընդգրկված են մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձանները և հուշահամալիրները: Յուրաքանչյուր պետություն կարող է հայտ ներկայացնել միայն այն մշակութային արժեքի և/կամ վայրի համար, որը գտնվում է իր սահմաններում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանը ներկայացված է հետևյալ տարրերով.
«Դուդուկի երաժշտությունը» (2008 թ.),
«Հայկական խաչքարի արվեստը. խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» (2010 թ.),
«Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.),
«Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.)
ՅՈՒՆԵՍԿՕ – ի ծրագրերը
ՅՈՒՆԵՍԿՕ – ի շրջանակներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: ՅՈՒՆԵՍԿՕ – ի ծրագրերը ֆինանսավորվում են ինչպես կանոնավոր բյուջեից, այնպես էլ արտաբյուջետային աղբյուրներից:
ՅՈՒՆԵՍԿՕ – ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրն արտացոլում է լեզուների, մշակույթների և ժողովուրդների բազմազանությունը: Ծրագրի նպատակն է կանխել աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների կորուստն առանց հետքի և նպաստել դրանց լայն տարածմանը: Ծրագրի շրջանակներում գոյություն ունի Աշխարհի հիշողության ՅՈՒՆԵՍԿՕ – ի միջազգային ռեգիստր: Այն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա – հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները և արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար: Ռեգիստրում իրենց տեղն են գտել հայկական երեք փաստագրական ժառանգության նմուշներ.
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի հավաքածու (1997 թ.),
Բյուրականի առաջին ուսումնասիրություն կամ Աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրություն (2011 թ.),
Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաների և կինոերաժշտության հավաքածու (2013 թ.):


