1. Տարածքային ինչպիսի՞ խնդիրներ ունեին ՀՍԽՀ-ն և Վրաստանը:
ՀՍԽՀ – ի և Վրաստանի տարածքային խնդիրները վերաբերվում էին Լոռու չեզոք գոտուն և Ջավախքին:
2. Ինչպե՞ս լուծվեցին Հայաստանի և Վրաստանի միջև առկա տարածքային խնդիրները:
Առկա տարածքային խնդիրները Հայաստանի և Վրաստանի միջև կարևոր դերակատարում ունեին հայ – վրացական հարաբերություններում: Մենշևիկյան իշխանությունները չէին պատրաստվում հեռանալ Լոռուց՝ ձգտելով նրա բռնակցմանը Վրաստանին։ Լոռու ազատագրումը ծրագրված էր իրականացնել այնտեղ ապստամբություն կազմակերպելու և դրսից օգնություն ցույց տալու միջոցով։ Ապա հաջորդելու էր Վրաստանի խորհրդայնացման գործընթացը։ Այս բոլոր իրադարձություններին հետևում էր Վ. Լենինը, ինչն էլ փաստում էր դրանց կարևորության մասին։ Ապստամբությունը ղեկավարելու համար Ղարաքիլիսայում (Վանաձոր) ստեղծվեց շտաբ՝ Հովսեփ Լազյանի ղեկավարությամբ։ Կազմակերպվեց Ղարաքիլիսայի հատուկ նշանակության ջոկատ, որն անմիջականորեն զբաղվելու էր ապստամբությամբ։
Ապստամբությունն սկսվեց 1921թ. փետրվարի 11-ին, տևեց ընդամենը 3 օր և ավարտվեց ապստամբների հաղթանակով։ Ազատագրված Լոռին միացավ Խորհրդային Հայաստանին։ Խորհրդայնացվեց նաև Վրաստանը (1921թ. փետրվարի 25-ին), որով ավարտվեց Ռուսաստանի ազդեցության տարածումն ամբողջ Անդրկովկասում։
Հայ – վրացական տարաձայնությունների մյուս ճյուղն էլ Ախալքալաքի պատկանելության խնդիրն էր, որի լուծումը Հայաստանը պահանջում էր իրագործել հօգուտ իրեն։ Սակայն Խորհրդային Վրաստանը համաձայն չէր դրան և պնդում էր, քանի որ Լոռին տրվեց Հայաստանին, ուստի Ախալքալաքը պետք է լինի Վրաստանի կազմում։ Այդ կերպով էլ ընդունվեց որոշում 1921թ. հուլիսին։
3. Տարածքային ինչպիսի՞ խնդիրներ ունեին ՀՍԽՀ-ն և խորհրդային Ադրբեջանը:
ՀՍԽՀ – ի և խորհրդային Ադրբեջանի միջև տարածքային խնդիրները վերաբերվում էին Լեռնային Ղարաբաղին, Զանգեզուրին (Սյունիք) և Նախիջևանին:
4. Ինչպե՞ս լուծվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարածքային խնդիրները:
Նախիջևան.
Հայաստանի խորհրդայնացման հաջորդ օրն իսկ Ադրբեջանի հեղկոմն ընդունեց հրամանագիր առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճեր այլևս գոյություն չունեն, և Զանգեզուրը, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը համարվում են Հայաստանի անբաժանելի մասեր։ Ելնելով Ադրբեջանի հեղկոմի որոշումից՝ Հայաստանի ՍԽՀ հեղկոմը 1920 թ. դեկտեմբերի 24-ին հռչակագիր ընդունեց Նախիջևանի մարզի ինքնորոշման մասին։ Սակայն թուրք – թաթարական (ադրբեջանական) ազգայնամոլ առաջնորդների հրահրումով հայոց պատմական Նախիջևանի մարզում իշխանությունը նվաճեցին թաթար բեկերն ու խաները։ Մոսկվայի պայմանագրով այն անցավ Ադրբեջանին։ Տասնամյակներ շարունակ, հատկապես խորհրդային իշխանության տարիներին, մարզում հայերի թիվն անընդհատ նվազել է, տեսակարար կշիռն ընկել՝ 1916թ. 40 տոկոսից իջնելով 1926թ. 10,8 և 1979թ. 1,4 տոկոսի։ Այժմ Նախիջևանը լրիվ հայաթափված է։
Զանգեզուր.
Երկրամասի հետագա ինքնապաշտպանության ու հեռանկարների համար Հայաստանի խորհրդայնացման շնորհիվ քաղաքական նոր իրադրություն ստեղծվեց։
Չվստահելով Ադրբեջանի որոշման անկեղծությանը՝ նշանավոր ազգային գործիչ Գարեգին Նժդեհը շարունակում էր գլխավորել Զանգեզուրի ինքնապաշտպանական մարտերը։ Նա դեմ չէր հաշտություն կնքելուն, միայն պայման էր դնում, որ Զանգեզուրը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը միացվեն Հայաստանին։
1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը։ Որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն՝ Ինքնավար Սյունիք, մինչև պարզ կդառնար Հայաստանին միանալու հնարավորությունը։ Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ։ 1921թ. ապրիլի 27-ին դարձյալ Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան։ Համագումարի կազմը հայտարարվեց Լեռնահաաստանի պառլամենտ։ Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ Սիմոն Վրացյանի վարչապետությամբ։
Նորանոր դիմումներ էին արվում Նժդեհին և շարունակվում բանակցությունները նրա հետ՝ կռվին վերջ տալու համար։ Դրա հետ մեկտեղ խորհրդային ուժերը պատրաստվում էին վճռական մարտական գործողությունների։ Այդ ուժերը 1921թ. հունիս-հուլիսին զարգացրին ռազմական գործողությունները Զանգեզուրի պաշտպանների դեմ։ Կրած պարտությունները, ինչպես նաև խորհրդային իշխանության տված հավաստիացումները Նժդեհին հարկադրեցին վայր դնել զենքը։ Հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհը փոքրաթիվ կողմնակիցներով թողեց Սյունիքի ու Հայաստանի սահմանները, հեռացավ դեպի Պարսկաստան, ապա բնակություն հաստատեց Բուլղարիայում։
Զանգեզուրի գոյամարտը ազգային-ազատագրական պայքար էր, որը մղվում էր երկրամասը ադրբեջանական վտանգից պաշտպանելու համար։ Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ Զանգեզուրի գյուղացիության մղած գոյամարտն ունի պատմական նշանակություն։ Դրա շնորհիվ այսօր Զանգեզուրը գտնվում է Հայաստանի սահմաններում։
Լեռնային Ղարաբաղ.
Գարեգին Նժդեհը շարունակում էր պնդել Լեռնային Ղարաբաղի միացման պահանջը՝ որպես պայքարը դադարեցնելու պայման։ Հայաստանի կառավարությունը 1921թ. հունիսի 12-ին ընդունեց որոշում և արեց հետևյալ հայտարարությունը. «Ադրբեջանի ԽՍՀ Հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի հանրապետությունների կառավարությունների միջև եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղն այժմվանից կազմում է Հայկական ԽՍՀ անբաժան մասը»։ Լեռնային Ղարաբաղի արտակարգ կոմիսար նշանակվեց Ասքանազ Մռավյանը։ Սակայն Ադրբեջանն արգելակեց այդ որոշման կատարումը։
Գ. Օրջոնիկիձեն և Ս.Կիրովը Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովին խորհուրդ էին տալիս Լեռնային Ղարաբաղի հարցում ղեկավարվել էթնիկական սկզբունքով, այն է՝ ոչ մի հայկական գյուղ չմիացվի Ադրբեջանին և, հակառակը, ոչ մի ադրբեջանական գյուղ չմիացվի Հայաստանին։ Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ չէր համարում էթնիկական սկզբունքով սահմանաբաժանումը։ Այնուհետև Լեռնային Ղարաբաղի հարցը փոխադրվեց Կովկասյան բյուրոյի պլենում, և նրա հուլիսի 4-ի նիստում որոշում ընդունվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելու մասին։ Վերջապես ընդունվել էր արդարացի և օրինական որոշում Լեռնային Ղարաբաղի հարցի մասին, որի բնակչության 95 տոկոսը հայեր էին։ Այդ որոշման դեմ բողոքեց Ն. Նարիմանովը, որից հետո հարցի լուծումը փոխադրվելու էր ՌԿ(բ)Կ Կենտկոմ (Մոսկվա)։ Սակայն հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, վերանայվեց այդ որոշումը՝ Լեռնային Ղարաբաղը թողնվեց Ադրբեջանի սահմաններում։ Դա պատճառաբանվում էր Ադրբեջանի հետ նրա տնտեսական կապերով։ Լեռնային Ղարաբաղը դառնալու էր ինքնավար մարզ՝ Շուշի կենտրոնով։ Որոշման այսպիսի շրջադարձային փոփոխությունը, ըստ երևույթին, կապված էր Ի. Ստալինի միջամտության հետ։ Այսպիսով, ղարաբաղյան հարցի լուծումը պատճառաբանվեց միայն տնտեսական գործոններով՝ անտեսելով ազգայինը։
Հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը բնականաբար խիստ դժգոհ էին որոշումից և արտահայտեցին իրենց անհամաձայնությունը, սակայն դրանից ոչինչ չփոխվեց։ Հայրենի երկրին միանալու ձգտումով համակված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բողոքի ձայնը չլռեց նույնիսկ ստալինյան բռնատիրության տարիներին։ Մեր օրերում նա ստիպված էր զենքով պաշտպանել իր արդարացի իրավունքները։
5. Ինչպիսի՞ նշանակություն ունեցավ Գ․ Նժդեհի ծավալած հերոսական պայքարը Զանգեզուրում:
Գարեգին Նժդեհի ծավալած հերոսական պայքարը Զանգեզուրում անգնահատելի մեծ կարևորություն ունեցավ, որովհետև նրա շնորհիվ Զանգեզուրը մնաց Հայաստանի տարածքում։ 1920 թվականի դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում տեղի ունեցած համազանգեզուրյան առաջին համագումարը որոշեց «Զանգեզուրը հայտարարել ժամանակավորապես ինքնավար, մտցնելով հանրապետական իրավակարգ, մնալով անկախ՝ մինչև քաղաքական հնարավորություն կունենա միանալու իր մայր երկրի՝ Հայաստանի հետ»: Ապրիլի 15-ին Դարալագյազը (Վայոց ձոր) գրավելուց հետո խորհրդային կողմը դադարեցրեց ռազմական գործողությունները՝ փորձելով բանակցությունների միջոցով խորհրդայնացնել Զանգեզուրը։ 1921 թվականի ապրիլի 26-ին Տաթևի վանքում տեղի ունեցած համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերանվանեց Լեռնահայաստան: Ստեղծվեց Լեռնահայաստանի կառավարություն՝ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ։ Երևանից եկող մի շարք առաջարկներից հետո Լեռնահայաստանի կառավարությունը համաձայնություն տվեց Զանգեզուրի հետագա ճակատագրի հարցով բանակցություններ սկսել խորհրդային ներկայացուցիչների հետ։ Այդ նպատակով ՀԽՍՀ կողմից Արտաշես Կարինյանի և Վասիլի Մելնիկովի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց՝ Լեռնահայաստանի իշխանությունների հետ համաձայնության գալու համար։ Սակայն մայիսի 12-15-ին Սիսիանի Ղալաջուղ գյուղում տեղի ունեցած բանակցությունները դրական արդյունք չտվեցին և դադարեցին. Լեռնահայաստանի ղեկավարները փորձում էին ձգձգել բանակցությունները։
Հունիսի 1-ին Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ հակադրվելով Խորհրդային Հայաստանին։ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն 1921 թվականի հունիսի 3-ին որոշեց հունիսի վերջին ռազմական ճանապարհով լուծել «հակահեղափոխական Զանգեզուրի» խնդիրը։ Որոշման կենսագործումից առաջ՝ հունիսի 13-ին, ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը նամակ-հայտարարությունով դիմեց Լեռնահայաստանի իշխանություններին։ Հայտարարության համաձայն՝ երկրամասը կազմելու էր Խորհրդային Հայաստանի մասը, ներում էր շնորհվելու խորհրդային իշխանությունների դեմ պայքարած գործիչներին և այլն։ Հունիսի 15-ին, Յապոնի գլխավորությամբ Լեռնահայաստանի զինված ուժերը գրավեցին խորհրդային Դարալագյազը։
Հունիսի 26-ին Դարալագյազը վերագրավելուց հետո Կարմիր բանակը շարունակեց ռազմական գործողությունները՝ խնդիր դնելով պարտության մատնել Զանգեզուրում կենտրոնացած «հակահեղափոխական ուժերին» և երկրամասը միավորել Խորհրդային Հայաստանին։ Խորհրդային գերակշիռ ուժերի առաջխաղացման հետևանքով շատ արագ Զանգեզուրը խորհրդայնացվեց, իսկ հուլիսի 9-ին Գարեգին Նժդեհն իր մի խումբ մարտիկներով անցավ Արաքս գետի պարսկական ափը։ Զանգեզուրի ազատագրական պայքարի շնորհիվ գավառի մեծ մասը մնաց Հայաստանի կազմում։
6. Ներկայացրե՛ք և լուսաբանե՛ք Մոսկվայի և Կարսի պայմանագրերը։ Կատարե՛ք համեմատություն։
Կարսի պայմանագիր.
1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրել են Կարսի պայմանագիրը «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ»։ Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում էր վերջինիս դրույթները և սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև։
Մոսկվայի պայմանագիր.
1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև ստորագրվեց «Բարեկամության և եղբայրության» պայմանագիրը: Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Նախիջևանի մարզն որպես ինքնավար տարածք հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը ՝ պայմանով, որ Ադրբեջանն այդ խնամակալությունը չզիջի մի երրորդ պետության:
Պայմանագրերի համեմատություն.
Ըստ իս, Կարսի պայմանագիրը Մոսկվայի պայմանագիրը վերջնականապես հստակեցնելու և հաստատելու մասին էր, երկու պայմանագրերն էլ ծառայում էին հօգուտ Թուրքիայի:
3. Վերլուծե՛ք
Ինչու՞ Խորհրդային Ռուսաստանը որդեգրեց այնպիսի քաղաքականություն, որում չլուծված մնացին Հայաստանի տարածքային խնդիրները։
Մինչև այսօր էլ ՀՀ տարածքային հիմնախնդիրները չեն ստացել լուծումներ, քանի որ հնարավոր չի գտնել այնպիսի լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին: Սովետական միության գոյության ժամանակ կային տարածքային վեճեր նույնպես: Այն ժամանակ նույնպես հնարավոր չի եղել գտնել այնպիսի լուծում, որը կբավարարեր բոլոր կողմերին: Սովետական միությունը չէր էլ փորձում լուծել այդ խնդիրները: Սովետական միությունը փորձում էր կոծկել և մոռացության մատնել այդ խնդիրների գոյությունը և սառեցնել դրանք: Ցանկացած աղմուկ խնդրի վերաբերյալ խանգարում էր Սովետական միության բնականոն գործունեությանը: Կային նմանատիպ խնդիրներ. և, եթե մի խնդրի բարձրաձայնում տեղի ունենար, կսկսվեր շղթայական ռեակցիա և կբարձրաձայնվեին մյուս խնդիրները նույնպես, իսկ այդ ամենը շատ լուրջ վտանգ կհանդիսանար Սովետական միության գոյության համար: