ՄԱԿ, նշանակում է ՝ «Միավորված ազգերի կազմակերպություն»: Այն միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում: Կազմակերպությունը հովանավորվում է անդամ երկրների պարտադիր և կամավոր ներդրումներով: Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևումը: ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է: 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով: Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193:
ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝
ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ
Գլխավոր ասամբլեան որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին զբաղեցնում է կենտրոնական դիրք։ Գլխավոր ասամբլեայի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ. Այն ընտրում է անվտանգության խորհրդի, տնտեսական և սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, անվտանգության Խորհրդի առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, անվտանգության խորհրդի հետ համատեղ ընտրում են արդարադատության միջազգային դատարանի անդամներին, կորդինացնում է տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջազգային համագործակցությունը, իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: Գլխավոր ասամբլեայում ներկայացված են ՄԱԿ անդամ բոլոր պետությունները: Գլխավոր ասամբլեան ունի 6 հիմնական կոմիտե ՝ առաջին կոմիտե (զինաթափման և միջազգային անվտանգության), երկրորդ կոմիտե (տնտեսական և ֆինանսական), երրորդ կոմիտե (սոցիալական, հումանիտար և մշակութային), չորրորդ կոմիտե (հատուկ քաղաքական և ապագաղութացման), հինգերորդ կոմիտե (վարչական և բյուջետային), վեցերորդ կոմիտե (իրավական):
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումները՝ բանաձևերը, կրում են պարտադիր բնույթ։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք, իսկ տասը` ոչ մշտական անդամներն են և ընտրվում են երկու տարի ժամկետով:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացմամբ: Տնտեսական և սոցիալական խորհուրդը ունի 54 անդամ՝ ընտրված գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով: Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներն են՝ հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության հարցերով հանձնաժողովը, թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը, բնակչության և զարգացման հարցերով հանձնաժողովը, հանուն զարգացման՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովը, սոցիալական զարգացման հարցերով հանձնաժողովը, վիճակագրական հարցերով հանձնաժողովը, կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովը, կայուն զարգացման հարցերով հանձնաժողովը, ՄԱԿ-ի անտառների հարցերով համաժողովը:
ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Խնամակալության խորհուրդը հիմնադրվել է 1945 թվականին, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 8-րդ գլխի: Այն պետք է իրականացներ միջազգային վերահսկողություն 11 տարածքների հանդեպ, որոնք հանձնվել էին ՄԱԿ անդամ 7 երկրների խնամակալությանը և ապահովեր խելամիտ քայլերի իրականացումն այդ տարածքների հետագա ինքնորոշման և անկախացման համար: 1994 թվականի մայիսի 25-ի համապատասխան բանաձևով խորհուրդը դադարեցրել է իր գործունեությունը և համաձայնվել վերսկսել աշխատանքներն անհրաժեշտության պարագայում:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ
Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի առանցքային դատական մարմինն է: Այն ՄԱԿ-ի միակ հիմնական մարմինն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում, այլ գտնվում է Հաագայում: Դատարանի հիմնական նպատակն է քննել անդամ երկրների միջև ծագած իրավական վեճերը ինչպես նաև իրավական հարցերի վերաբերյալ կայացնել խորհրդատվական որոշումներ:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Քարտուղարությունն իրականացնում է ՄԱԿ-ի ամենօրյա գործունեությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության գլխավոր վարչական պաշտոնյան է, ով նշանակվում է գլխավոր ասամբլեայի կողմից՝ անվտանգության խորհրդի առաջարկով` 5 տարի ժամկետով՝ վերանշանակվելու հնարավորությամբ:
ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղարն է Անտոնիու Գուտերեշը, ով պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հունվարի 1-ից:
ՄԱԿ – ը և Հայաստանը.
Հայաստանը դարձել է ՄԱԿ – ի անդամ 1992 թվականի մարտի 2 – ին, մինչ օրս մասնակցելով ծավալվող աշխատանքներին և համագործակցելով կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ: Հայաստանը տարբեր տարիներին ընտրվել և իր մասնաբաժինն է ներդրել ՄԱԿ-ի կարևորագույն մարմիններում` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում, Մարդու իրավունքների հանձնաժողովում և այլ բազմաթիվ ու կարևոր հանձնաժողովներում:
2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները: Կայուն զարգացման նպատակները հիմնվում են հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) արձանագրած հաջողությունների վրա:
Հայաստանում ակտիվորեն մեկնարկեցին Կայուն զարգացման նպատակների իրականացման հետ կապված գործընթացները: Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգայնացման նպատակով մշակվեց ճանապարհային քարտեզ, այնուհետև՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային գործողությունների ծրագիր:
Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում: 2019թ. ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176.00 ամերիկյան դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: 2019թ. հունվարի 18-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 18-ը:
ՅՈՒՆԻՍԵՖ.

«ՅՈՒՆԻՍԵՖ» – ը երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է: Նրանք աշխատում են ավելի քան 190 երկրներում և տարածքներում մեկ նպատակով, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա կյանքի լավագույն սկիզբ և կարողանա հաղթահարել աղքատության, բռնության, հիվանդությունների և խտրականության հետևանքով առաջացած խոչընդոտները:
«ՅՈՒՆԻՍԵՖ» – ի համար երեխայի իրավունքների ապահովումը մարդկության զարգացման համար հիմնաքարային դեր ունի: Մեր ողջ գործունեության ընթացքում մենք առաջնորդվում ենք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով:
«ՅՈՒՆԻՍԵՖ» – ը Հայաստանում է 1994 թվականից և արդեն 25 տարի է, ինչ աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: