Սևրի հաշտության պայմանագիրն ստորագրվել է 1920 թ-ի օգոստոսի 10-ին, Փարիզի Սևր արվարձանում: Պայմանագրով` Հայաստանը պետք է ստանար 90 հզ. կմ2, իսկ ՀՀ-ի հետ կունենար 161330 կմ2 տարածք՝ Սև ծով ելքով: Պայմանագրի 88–93-րդ հոդվածները վերաբերում են Հայաստանին:

Սևրի պայմանագիրը կնքվել է Թուրքիայի սուլթանական կառավարության և Առաջին աշխարհամարտում (1914–18 թթ.) հաղթանակած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Հայաստանի, Չեխոսլովակիայի, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորության, Հեջազի (արաբական թագավորություն) միջև: Հայաստանի առաջին հանրապետության կողմից պայմանագիրը ստորագրել է պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը: Վերջինս և արևմտահայության ներկայացուցիչ, Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ: Միջազգային իրավունքի տեսակետից` ՀՀ-ն, որպես պայմանագրի մասնակից, ճանաչել են պայմանագիրը ստորագրած մյուս բոլոր պետությունները: Սևրի պայմանագրի հիմքում դրվել են 1916 թ-ին Լոնդոնում ստորագրված Սայքս – Պիկոյի գաղտնի համաձայնագրի (նախատեսում էր Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանումը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև) ու 1920 թ-ի Սան Ռեմոյի (Իտալիա) խորհրդաժողովի որոշումները: Պայմանագիրը բաղկացած է 13 մասից և 433 հոդվածից: Թուրքիան Հայաստանը ճանաչել է որպես «ազատ ու անկախ պետություն»: Թուրքիան և Հայաստանը համաձայնել են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի վիլայեթներում 2 պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ-ի նախագահի որոշմանն ու ընդունել նրա որոշումը և Հայաստանին դեպի ծով ելք տալու ու հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ բոլոր առաջարկները: Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե այդ տերություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակիցները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում: Սևրի պայմանագրով թույլատրվել է բնակչության կամավոր փոխանակում. 18-ից բարձր տարիք ունեցող անձիք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մեկ այլ երկրում՝ իրենց ազգային կամ կրոնական պատկանելիությանը համապատասխան, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում: Այդ մարդիկ պահպանում էին իրավունքն անշարժ գույքի նկատմամբ: Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ-ի օրենքը: Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունն օրենքի առաջ պետք է ապահովեր կառավարությունը: Պայմանագրի «Պատիժներ» մասում թուրքական կառավարությունը ճանաչել է դաշնակից պետությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մարդկանց:Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ ելք ունենան դեպի Սև ծով: Դաշնակիցները բարյացակամորեն են վերաբերվել Կարսից Ճորոխի հովտով դեպի Բաթում «Հայկական միջանցքի» գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկել է երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով: Եվ քանի որ դեռևս հայտնի չէր Տրապիզոնի նավահանգստի՝ Հայաստանին պատկանելիության հարցը, հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորել են տարանցման արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն: ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ-ի նոյեմբերի 22-ին իր որոշումը հանձնել է եվրոպական տերություններին: Որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի վիլայեթների ավելի քան կեսը, Էրզրումի վիլայեթի հիմնական մասը, Տրապիզոնի վիլայեթի արևելյան հատվածը՝ ներառյալ համանուն քաղաքը: Ընդհանուր առմամբ այդ տարածքը 90 հզ. կմ2 էր և ՀՀ-ին ապահովում էր ելք դեպի Սև ծով: Սևրի պայմանագրով լուծվելու էր Անկախ և Միացյալ Հայաստանի ստեղծման հարցը, սակայն այն մնաց թղթի վրա: Քեմալական Թուրքիան չի ճանաչել սուլթանական Թուրքիայի ստորագրած պայմանագիրը: Քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, հասել են Սևրի պայմանագրի վերանայմանը, իսկ 1922–23 թթ-ի Լոզանի (Շվեյցարիա) խորհրդաժողովում` նրա վերացմանը: Դաշնակիցները ճանաչել են Մուստաֆա Քեմալի՝ Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը բոլոր այն տարածքների նկատմամբ, որոնք Սևրի պայմանագրով տրվելու էին Հայաստանին: Ավելին, նրանք ճանաչել են Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկել են նաև Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն: Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես հուշագիր Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու` հայ ժողովրդի իրավունքի մասին:
Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք։ Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։ Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը։ Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ՝ այն ոչնչացնելու մտադրությամբ։ Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման հետևանքով, հասան Սևրի հաշտության պայմանագրի վերանայմանը և, փաստորեն, նրա վերացմանը։ Դա իր արտահայտությունը գտավ 1923 թ. Լոզանի պայմանագրում։ Դաշնակիցները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը Արևելյան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, բոլոր այն տարածքների, որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով։ Ավելին՝ նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն։ Դա Թուրիքայի լիակատար հաղթանակն էր։ Պատմական Հայաստանի մի փոքրիկ մասը շարունակեց գոյություն ունենալ, որպես Խորհրդային Հայաստան, բայց հայերի մեծ մասը մնաց ցրված ի սփյուռս աշխարհի։